Ռուբեն Հայրապետյանի կախարդական փայտիկը․ Քանի թիմ կմասնակցի Հայաստանի առաջնությանը

1181

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Արդեն երկու ամսից կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, որի հետ ֆուտբոլասերները մեծ հույսեր էին կապում: Մասնավորապես այս տարվա մարտին տեղի էր ունեցել ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննության էին դրվել 6 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց» ու «Արարատ» և արտոնագրման գործընթացում 4 նորեկ ակումբների՝ «Էրեբունի», «Լոռի», «Արցախ», «Արարատ-Մոսկվա» ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «Ազգային» արտոնագրերի համար:

Այդ արտոնագրերը նրանց իրավունք էին ընձեռում մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2018/2019 թթ. մրցաշրջանի առաջնությանը: Արտոնագրման կոմիտեն կայացրել էր որոշում, ըստ որի՝ «Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու բոլոր 10 ակումբներին: Ինչ խոսք 10 թիմերի առկայությունը շրջադարձային կարող էր դառնալ հայկական ֆուտբոլի համար: Բացի մրցակցությունից Բարձրագույն խմբի առաջնությունը կարող էր մեծացնել հետաքրքրությունը հայկական ֆուտբոլի նկատմամբ, որը հոգևարքի մեջ է գտնվում: Դեռևս 2017/2018թթ․ մրցաշրջանի ավարտին Գյումրիի «Շիրակը» լքեց Հայաստանի առաջնությունը և կվերադառնա միայն այն պարագայում, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հեռանա զբաղեցրած պաշտոնից: Գյումրիի «Շիրակի» շուրջ ծավալված զարգացումներից հետո Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու մտքից հրաժարվեց նաև Աբովյանի «Կոտայքը», որի հովանավորն էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ, «Կոտայքի» մուտքը հայկական ֆուտբոլ ըստ ծրագրվածի պետք է տպավորիչ և շռնլադից լիներ: «Կոտայքի» ղեկավարությունը բանակցում էր բարձրակարգ ֆուտբոլիստների և մարզիչների հետ:

Նրանցից շատերը ժամանել էին Երևան՝ պայմաններին ծանոթանալու նպատակով: Արդեն այս ամիս «Կոտայքը» պետք է կազմավորվեր և անցկացներ առաջին ուսումնամարզական հավաքը: Հիշեցնենք, որ պայմանավորվածության համաձայն Գագիկ Ծառուկյանը ձեռք էր բերել «Էրեբունի» ակումբը, որը պետք է վերանվանվեր «Կոտայք»: Նշենք, որ «Էրեբունին» հայտնվել էր խորը ֆինանսական ճգնաժամում: «Էրեբունիի» ռեսուրսները չէին բավականացնում պատշաճ կերպով մասնակցելու նույնիսկ Հայաստանի առաջին խմբի առաջնությանը: Այս թիմը ոչ ֆուտբոլային հաշիվներով շարունակ պարտություններ էր կրում: Ավելին, «Էրեբունին» կասկածվում էր «Լոռիի» հետ պայմանավորված հանդիպում անցկացնելու մեջ: Ակնհայտ է, որ այս թիմն ուղղակի չի կարող ելույթ ունենալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: «Առաջին լրատվական»-ի հավաստի աղբյուրների համաձայն մոտ օրերս հայկական ակումբներից ևս մեկը հանդես կգա հայտարարությամբ՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում ուղղակի անիմաստ է մասնակցել Բարձրագույն խմբի առաջնությանը: Այս թիմը չլուծարվելու նպատակով ելույթ կունենա Հայաստանի առաջին խմբի առաջնությանը: Մեկ այլ ակումբ էլ վերջին զարգացումների հետևանքով հայտնվել է ֆինանսական ճգնաժամում, որին սպառնում է կամ լուծարում կամ էլ Առաջին խմբի առաջնությանը մի կերպ մասնակցելու հնարավորություն: Ինչ վերաբերվում է Մոսկվայի «Արարատին» ապա թիմը Հայաստանի առաջնությանը մասնակցելու վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել: Հիշեցնենք, որ «Արարատը» դարձել էր Ռուսաստանի երկրորդ՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի հաղթող, սակայն առաջին փորձից չէր կարողացել լիցենզիա ստանալ ֆուտբոլի ազգային լիգայում հանդես գալու համար:

«Մենք կփորձենք բողոքարկել, բայց ակումբի ղեկավարությունն արդեն հայտնել է տղաներին, որ մենք տեղափոխվում ենք Հայաստան: Այո, մենք զարգացնելու ենք նախագիծը Երևանում, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի բազայի վրա»,- մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր «Արարատի» գործադիր տնօրեն Պողոս Գալստյանը: Նա նշել էր նաև, որ ակումբը կկոչվի կամ «Արարատ-Մոսկվա», կամ «Արարատ-Հայաստան»: Դա մի փոքր ավելի ուշ կորոշվի»,- նշել էր Պողոսյանը: Վերջինիս այս հայտարարությունից հետո դեռևս որևէ պաշտոնական որոշում ընդունված չէ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի «Արարատի» սեփականատեր Սամվել Կարապետյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո «խաչ է քաշել» մեր երկրում նախատեսված բազմաթիվ ծրագրերի վրա:

Ավելին, հայկական ֆուտբոլի վերջին իրադարձությունները, ինչպես նաև «Շիրակի» և «Կոտայքի» որոշումները կամա թե ակամա իրենց ազդեցությունը կթողնեն նաև Սամվել Կարապետյանի ֆուտբոլային ծրագրերի վրա: Մի՞թե իմաստ ունի գումարներ ներդնել մի ոլորտում, որը ՀՖՖ-ի և նրա նախագահի ձեռքով վերից վար ապականվել է: Կարծում ենք պատասխանն ակնհայտ է, ուստի Մոսկվայի «Արարատի» վերաբերյալ թեև պաշտոնական հայտարարություն դեռևս չկա, այդուհանդերձ այս թիմի Հայաստանի առաջնությանը մասնակցելը մշուշոտ է թվում: Ինչ է ստացվում, եթե մի քանի ամիս առաջ ոգևորված սպասում էինք, որ կունենք առաջնություն, որին կմասնակցեն 10 թիմեր, ապա այսօր կան ընդամենը 5 թիմեր, որոնք պատրաստակամ են մասնակցել խայտառակ այս մրցաշարին:

Ռուբեն Հայրապետյանը կրկին անգամ գործին դնելով կախարդական փայտիկը ի չիք դարձրեց ֆուտբոլասերի հույսերը թիմերի քանակը մոտ երկու անգամ նվազեցնելով: Հայրապետյանի կողմից «Շիրակին» չեմպիոնությունից զրկելը իսկապես ծանր հարված էր հայկական ֆուտբոլին:

«Առաջին լրատվական»