Քոչարյանի՝ Արցախին հասցրած վնասը անգնահատելի է

22

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղը 1994թ. ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովում ճանաչվեց որպես Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև բանակցային գործընթացի լիիրավ կողմ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հավասարապես։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հակամարտության կարգավորման առաջարկները պաշտոնապես ուղարկվում էին երեք երկրներ՝ Հայաստան, Արցախ և Ադրբեջան։ Երեքն էլ ունեին ձայնի հավասար իրավունքներ։ Հենց այդ իրավունքների շրջանակում էլ Արցախը երկու անգամ վետո է դրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային և փաթեթային տարբերակների վրա։ Պաշտոնական Ստեփանակերտի կողմից միայն ընդունելի է եղել «ընդհանուր պետության» տարբերակը, որը, սակայն, Ադրբեջանի կողմից մերժվել է։

1997թ., երբ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց Երևան, որից մեկ տարի անց դարձավ Հայաստանի ղեկավար, հակամարտության ղարաբաղյան կողմը դուրս մնաց բանակցություններից և մինչ օրս Արցախը բանակցային կողմ չէ։ Անառարկելի է, որ Քոչարյանի օրոք Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից, ինչքան էլ վերջինս փորձի դա հերքել։ Դրանով Քոչարյանը լրջագույն հարված հասցրեց Արցախի միջազգային վարկանիշին և ճանաչման գործընթացին, քանի որ որպես բանակցորդ ճանաչելն արդեն դե ֆակտո ճանաչման տեսակ է։

Այս կոնտեքստում քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի համար առնվազն զարմանալի է, թե արցախցի պատգամավորներն ինչու են ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին ազատ արձակելու համար պայքարում, միջնորդություններ ու ստորագրություններ ներկայացնում դատախազություն, որն ի դեպ, մերժվել է։

«Մի տեսակ զարմանալի է, որ Արցախի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները տեղյակ չեն, որ այսպիսի խոշորագույն գործ ինչպես Մարտի 1-ն է, խափանման միջոց ընտրելիս չեն առաջնորդվում ուղղակի անձի մատուցած ծառայություններով։ Խոսքը վերաբերում է մի անձի, որը չափազանց ազդեցիկ է եղել տնտեսական և այլ առումներով։ Նա բազմաթիվ տեղեկություններ ունի համակարգում աշխատողների մասին, 10 տարի եղել է նրանց ղեկավարը։ Ուղղակի ծիծաղելի է դառնում հիշատակել, մեծարել մի մարդու, որի հասցրած վնասը Արցախին անգնահատելի է։

Ըստ էության, պատերազմից հետո առաջին իշխանությունները կարողացել էին Արցախին դարձնել և՛ հրադադարի կողմ, և՛ բանակցությունների կողմ։ Ընդ որում, սա դե ֆակտո ճանաչման կարևոր ատրիբուտներից մեկն է։ Ադրբեջանը հաշտվել էր, որ, այո, Լեռնային Ղարաբաղն ունի օրինական ընտրված ներկայացուցիչներ, որին ճանաչում է միջազգային հանրությունը, միջնորդները և կարգավորման գործընթացում հարաբերվում է նրանց հետ»,- մեկնաբանեց Սաֆարյանը, ապա հավելեց՝ Քոչարյանը, դուրս թողնելով Ղարաբաղը բանակցային գործընթացից, հետ շրջեց Հայաստանի ու Արցախի դիվանագիտական հաջողությունը։

Քաղաքագետը հարցադրում է անում՝ ի՞նչ արժանիքների մասին է խոսքը, երբ ոչ մի իշխանություն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, չի կարող վերացնել Արցախում Քոչարյանի ստեղծած ծանրագույն վիճակը։ «Խոսել Արցախին նրա մատուցած ծառայությունների մասին, թող կռված ազատամարտիկներն ասեն՝ որտե՞ղ են տեսել Քոչարյանին կռվելիս, զենքը ձեռքին, անձնազոհության գնալիս։ Ես չեմ ուզում թերագնահատել Արցախում ապրած որևէ մեկի վաստակը, բայց այդ ի՞նչ մեծ ու բացառիկ ներդրման մասին է խոսքը, եթե մենք արդեն տեսել ենք որպես նախագահ նրա անխոհեմ քաղաքականությունը»,- մանրամասնում է Սաֆարյանը։

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ նպատակով են արցախցի պատգամավորները այդպես պայքարում Քոչարյանի ազատության համար, ի դեպ՝ Ֆեյսբուքում ստեղծվել են մի շարք էջեր, որտեղ տարբեր հրապարակումներ են կատարվում՝ պահանջելով ազատ արձակել Քոչարյանին, և կատարվածը որակելով վենդետա, քաղաքագետ Սաֆարյանը նշեց՝ բոլորիս թվում էր, թե այսպիսի ծանրագույն հանցագործության մեջ անհերքելի ապացույցներով մեղադրվող անձին որևէ մեկը չի պաշտպանի և դրանից ենք զարմացած, ոչ թե պաշտպանների մասշտաբներից։

«Հոգուս խորքում մի տեսակ վախ ունեմ, որ շատ հնարավոր է, որ Արցախում էլ առնչություն ունեն այդ ամեն ինչին, հաշվի առնելով, որ 0038 գաղտնի հրամանն ամբողջությամբ հրապարակված չէ։ Շատ հնարավոր է, որ վախն է նրանց ստիպում անցնել կոնտրհեղափոխության շարքերը, հարվածել ժողովրդի աջակցությունը վայելող կառավարությանը։ Բայց ուզում եմ հավատալ, որ նրանք ընդամենն անհանգստացած են, որ Քոչարյանը արցախցի է, ու որ սիրում է Արցախը»,- իր խոսքն ամփոփեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։