Загрузка...

Վարչապետի քրեա-իրավական անակնկալը Գագիկ Ծառուկյանին

52
Загрузка...

Lragir.am-ը գրում է.

Հայաստանի կառավարությունն 82 կողմ եւ 37 դեմ ձայնով ընդունեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Ծրագրին դեմ քվեարկեցին Լուսավոր Հայաստան ու ԲՀԿ խմբակցությունները:

Կառավարության ծրագրի քննարկման ավարտին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթի ընթացքում տարածվեց ՀՔԾ տեղեկությունը, որ մեղադրանք է առաջադրվել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Էդվարդ Բաբայանին, որը հայտնի է իբրեւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի Էդո:

Մեղադրանք առաջադրվել է Օլիմպավանում ծեծի հայտնի գործով, որով Էդվարդ Բաբայանը նաեւ կալանավորվել էր, հետո փոխվել էր նրա խափանման միջոցը: Արդյոք ՀՔԾ-ն միջնորդելու է կալանքի հարցում, ինչը նշանակելու է Բաբայանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազական միջնորդություն խորհրդարանին:

Էդվարդ Բաբայանին մեղադրանք ներկայացնելու մասին քննչական մարմնի որոշումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ ներքաղաքական իրադրությունն ունի բազմաթիվ նուրբ շերտեր արդեն տեւական ժամանակ: Դրանց մի զգալի հանգույցի վերածվեց կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում, որը փաստացի վերաճեց իշխող Իմ քայլը դաշինքի ու խորհրդարանում երրորդ ուժի՝ Լուսավոր Հայաստան խմբակցության կոշտ, սուր դիմակայության, ընդհուպ վարչապետի եզրափակիչ ելույթի մակարդակում:

Գործնականում, կառավարության ծրագրի քննարկմանը ԼՀԿ-ն հայտնվեց երկրորդ ուժի կարգավիճակում: Արդյոք ԲՀԿ-ն զուտ մարտավարական նկատառումով էր դուրս եկել ուղիղ դիմակայության ռեժիմից, թե՞ Իմ քայլը ինչ-ինչ գործոններից ելնելով հակադարձման հիմնական թիրախ ընտրեց Լուսավոր Հայաստանին, այդպիսով փաստացի այդ ուժին տալով հիմնական ընդդիմության «տիտղոսը»:

Մյուս կողմից, Բարգավաճ Հայաստանի մարտավարության առանցքային դրվագը ոչ թե նիստերի դահլիճում էր, այլ դրանից դուրս լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ: Նա հայտարարեց, թե եթե հեղափոխության համար «դուխ ու կամք» էր պետք, ապա տնտեսական հեղափոխության համար՝ փող:

ԲՀԿ նախագահը այդ բարձունքից կարծես թե ընդգծեց իր առավելությունը թե ԼՀԿ, թե Փաշինյանի հանդեպ, ցույց տալով, թե դժվար է լինելու տնտեսական հեղափոխություն անել առանց իրեն, քանի որ իր ուժը հենց փողն է: Այդ հանգամանքն էլ ԲՀԿ-ն գրեթե նույն օրը կնքեց մի տեղեկատվությամբ, թե Գագիկ Ծառուկյանը Վլադիմիր Պուտինի հրավերով մեկնում է Սոչի: Ուշագրավն այն է, որ հրավերի նպատակը Սոչիում ներդրումային համաժողովի մասնակցելն է: Սակայն ԲՀԿ-ն այդ տեղեկությունը մատուցեց այնպիսի նրբությամբ, որ մնաց համընդհանուր տպավորություն՝ Պուտինից հատուկ հրավերի շրջանակով:

Գործնականում, ԲՀԿ-ն այդպիսով ընդգծելով իր առավելությունը, միաժամանակ փորձեց ներկայանալ, որ ավելի «բարձր թռիչքի թռչուն» է, քան երկու ուժի խորհրդարանական թեժ վեճը կառավարության ծրագրի եւ համատեղ անցյալի շուրջ:

Այլ կերպ ասած, Ծառուկյանը փորձեց ցույց տալ, որ մինչ նրանք վիճում են համատեղ անցյալի շուրջ, ինքը համատեղ ապագա է կառուցում անձամբ Պուտինի հետ:

Փաստորեն, եզրափակիչ ելույթով կոշտ քաղաքական պատասխան տալով Լուսավոր Հայաստանին, ԲՀԿ մարտավարությանը Նիկոլ Փաշինյանը «տալիս» է քրեա-իրավական «պատասխան»:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am-

Загрузка...