Սերժ Սարգսյանը` պահեստային տարբերակ

751

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) անդամներին, որոնք այս օրերին Հայաստանում են` մասնակցելու «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով հավաքին:

Սերժ Սարգսյանն, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոյանի և Ռոբերտ Քոչարյանի, իշխանությունը թողնելուց հետո ոչ միայն չհեռացավ ակտիվ քաղաքականությունից, այլ առիթը բաց չի թողնում իր գործունեության մասին որոշակի պարբերականությամբ հիշեցնել հասարակությանը:

Օրինակ, մենք տեղյակ ենք, որ նա շաբաթն առնվազն մեկ անգամ այցելում է ՀՀԿ գրասենյակ և վարում է կուսակցության ղեկավար մարմնի նիստերը:

Պարզունակ կլինի Սարգսյանի ակտիվությունը կապել իշխանությունն արագ վերադարձնելու նրա ցանկության հետ. հեղափոխության հետևանքը դեռ երկար ժամանակ իրեն զգացնել է տալու, և նախկին նախագահն ու ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում գործնականում հաջողության հնարավորություն չունեն, եթե նույնիսկ ժամանակավոր կառավարությունը ձախողվի և վարչապետն ու նրա թիմն ունենան վարկանիշային էական անկում:

Մյուս կողմից` ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ առնվազն քաղաքական թիմի միասնականությունը պահելու խնդիր ունի և գիտակցում է, որ դա հնարավոր է անել բացառապես իր հրապարակային ակտիվության շնորհիվ: Երրորդ նախագահը թերևս գիտակցել է, որ իր կուսակցությունը Հայաստանի քաղաքական կյանքում որոշակի ազդեցություն ունենալու է նույնիսկ այն պարագայում, եթե երկրում տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Սերժ Սարգսյանի քաղաքական ադապտացիան, տրանսֆորմացիան երկրի ղեկավարի կարգավիճակից ընդդիմության առաջնորդի կարգավիճակին բավականին սահուն տեղի ունեցավ: Համենայն դեպս, Սարգսյանի շարունակական դերակատարությունը քաղաքականության մեջ հուշում է, որ նա ցանկանում է ՀՀԿ-ի համար պահել միակ ինստիտուցիոնալ ընդդիմության և գործող կառավարության այլընտրանքի նիշը:

Դժվար է ասել, թե դա գործնականում ինչ է տալու ՀՀԿ նախագահին, որովհետև` կրկնում ենք, ընտրությունների միջոցով իշխանություն վերադառնալու նրա շանսերը մոտ ապագայում միայն տեսական են, գործնականում` անհնար:

Ակնհայտորեն Սերժ Սարգսյանը ցանկանում է իր անունն ասոցացնել քաղաքականության, ընդդիմադիր գործունեության հետ` նպատակ ունենալով իրեն տարանջատել քրեաօլիգարխիայից, որն այս օրերին շտապում է հեռանալ ՀՀԿ-ից` իր ապահովությունը գտնելով նոր կառավարությանը հրապարակային լոյալություն ցույց տալու մարտավարության կամ քաղաքականությունը լքելու որոշման մեջ: Սերժ Սարգսյանը` հակառակը, կարծում է, որ քաղաքականությունն ու ընդդիմադիր գործունեությունն են իրեն ապահովագրող հիմնական գործոնները: Պատահական չէ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարբերաբար շրջանառու է դարձնում իշխանությունների իրականացրած ռեպրեսիաների թեզը` մի կողմից իրենց կուսակցությանը և առաջնորդին ապահովագրելով հնարավոր հետապնդումներից, մյուս կողմից` նոր կառավարության հնարավոր գործողությունները ներկայացնելով քաղաքական վենդետայի համատեքստում:

Սակայն եթե Սերժ Սարգսյանը չունի իշխանությունությունը վերադարձնելու դասական հնարավորություններ, այսինքն` չի կարող հաջողություն ակնկալել ընտրությունների ժամանակ, դա բնավ չի նշանակում, թե նա բացառում է ֆորս-մաժորային իրավիճակների հեռանկարը: Դժվար է հստակ կանխատեսել, թե ինչ հաշվարկների վրա կարող է կառուցվել Սերժ Սարգսյանի ապագա խաղը, սակայն ակնհայտ է, որ նա զգուշավոր գործիչ է և հայաստանյան քաղաքականության մեջ չէր պահպանի իր այսօրվա ներկայությունը, առավել ևս` չէր ձգտի ընդդիմության առաջնորդի կարգավիճակին, եթե չունենար, այսպես կոչված, պահեստային տարբերակներ կամ որոշակի աջակցություն ենթադրաբար Ռուսաստանի իշխանության շրջանակներից: Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվությունը, մեծ հաշվով, հենց Ռուսաստանի էլիտայի` Հայաստանի նոր կառավարության հանդեպ ունեցած անվստահության դրսևորումն է. Մոսկվայում չեն ցանկանում հրաժարվել, այսպես կոչված, պահեստային տարբերակներից, եթե Նիկոլ Փաշինյանի թիմի քաղաքականությունը, օրինակ` հակակոռուպցիոն քաղաքականությունը, հարվածի իրենց կենսական շահերին: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն առնվազն քաղաքական գործիքներ են, որոնց միջոցով Մոսկվան կարող է ճնշում բանեցնել Հայաստանի նոր իշխանությունների վրա: