Загрузка...

Հայ-ռուսական նոր համաձայնագիր. Ինչ զինվորականների մասին է խոսում Լավրովը

54
Загрузка...

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը այսօր հայտարարել է, որ Երևանի հետ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որով նախատեսվում է բացառել այլ երկրի զինվորականների ներկայությունը Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում:

Խոսքը ԱՄՆ աջակցությամբ ստեղծված լաբորատորիաների մասին է, որոնք Ռուսաստանում տևական ժամանակ տվել են «դավադրապաշտության» առիթ: Համենայնդեպս, տեղեկատվաքարոզչական տիրույթում ռուսական և նաև որոշ հայկական աղբյուրներ խնդիրը փորձել են ներկայացնել այնպես, իբրև Հայաստանում գործում են ամերիկյան գաղտնի լաբորատորիաներ: Իրականում, սակայն, դրանք Հայաստանի ենթակայության տակ գտնվող լաբորատորիաներ են, որոնք ստեղծվել են ամերիկյան աջակցությամբ, և որոնց նպատակն է այդօրինակ վտանգների, ահաբեկչության ձևերի հանդեպ Հայաստանի կենսունակության բարձրացումը, կարողությունների ընդլայնումը:

Իհարկե, հասկանալի է նաև, որ ժամանակակից աշխարհում այդպիսի մեխանիզմները նաև պարունակում են որոշակի քաղաքական ազդեցության նպատակներ, և սա էլ նույնիսկ չի կարող գաղտնիք լինել 21-րդ դարի մարդու համար: Ընդ որում, ի տարբերություն Ռուսաստանի, որն իր ազդեցությունը փորձում է տարածել ոչ թե գործակցային տեխնոլոգիաների, այլ կացնի, մահակի միջոցով, Արևմուտքը ազդեցության համար աշխարհաքաղաքական իր մարտավարությունն ու ռազմավարությունը կառուցում է տեխնոլոգիաների գերազանցության հիմքով՝ առաջարկելով գործակից սուբյեկտներին առավել անվտանգ և զարգացման միտում պարունակող տեխնոլոգիաներ, նախաձեռնություններ և ուժային կենտրոնների միջև բոլորի համար հասկանալի և պատկերացնելի համաշխարհային մրցակցության հարցում ապավինում մրցակցության ռեգիոններում գտնվող սուբյեկտներին արվող առաջարկների փոխշահավետության սկզբունքին: Դա՝ իմիջիայլոց:

Ինչ վերաբերում է բուն լաբորատորիաներին, ապա դրանք Հայաստանի Հանրապետությանն են, և այստեղ նաև Հայաստանի դեռևս նախկին իշխանությունը Ռուսաստանին թույլ է տվել հասանելիություն՝ այսպես ասած, ավելորդ դավադրապաշտական կասկածների տեղիք չտալու և դեստրուկտիվ հակազդեցության, այսպես ասած, հիմք չտալու համար:

Ընթացիկ ամռանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը մուտք է տալիս ռուս մասնագետներին այդ լաբորատորիաներ, և դա նոր չէ՝ դա արել են նախկին իշխանություններն էլ: Այժմ, սակայն, Ռուսաստանի արտգործնախարարը խոսում է փաստորեն այն մասին, որ կստորագրվի համաձայնագիր, որը կբացառի այլ երկրի զինվորականների ներգրավումն այդ լաբորատորիաներ: Լավրովի հայտարարությունից պարզ չէ, թե արդյո՞ք դա նշանակում է նաև ռուս զինվորականների ներկայության բացառում, թե՞ ռուս զինվորականները կարող են ներկա լինել լաբորատորիաներում, իսկ այլ երկրի՝ ոչ: Եվ որքան էլ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, այդուհանդերձ՝ որքանո՞վ է տրամաբանական ու արդարացի, որ ԱՄՆ աջակցությամբ ստեղծված լաբորատորիաները ավելի հասանելի դառնան ռուսներին, քան նրանց, ովքեր աջակցել են Հայաստանին անվտանգության այդ հնարավորությունն ունենալու հարցում: Այլ բան է, եթե Մոսկվան, այսպես ասած, իր հավաստիության համար Երևանին առաջարկում է, այսպես ասած, երաշխիք, որ լաբորատորիաներում ծածուկ գործունեություն չեն իրականացնի այլ երկրների զինվորական մասնագետներ: Այլ կերպ ասած՝ Երևանին առաջարկվում է «ոչ ոքի» տարբերակը:

Մի կողմից՝ իհարկե, այստեղ կա Հայաստանի ինքնիշխանության խնդիրը, ու Երևանն ինքը պետք է որոշի, թե ում և ինչքան հասանելիություն տա իր որևէ ռազմավարական նշանակության օբյեկտում: Մյուս կողմից, սակայն, պետք է հաշվի նստել իրողությունների հետ, ու եթե ռուսական կողմը այդ երաշխիքի դիմաց կդադարի դավադրապաշտական նկրտումները և, լաբորատորիաների գործունեության հարցում ունենալով իր համար անվտանգության երաշխիքներ, ավելի հանգիստ կլինի և չի փորձի խոչընդոտել դրանց աշխատանքը, ապա արժե գնալ այդ փոխզիջմանը՝ Հայաստանի ավելի մեծ շահն իրականում սպասարկելու համար: Իսկ Հայաստանի շահը այդ լաբորատորիաների հանդարտ աշխատանքն ապահովելն է՝ առանց դրանք աշխարհաքաղաքական կռվախնձոր դարձնելու:

Բոլոր դեպքերում, Լավրովը բարձրաձայնել է մի համաձայնագրի պատրաստման մասին, որը պետք է իհարկե դառնա հանրային լայն դիտարկման առարկա, և այդ իմաստով նաև պետք է հանրությունը համոզվի, որ այդ համաձայնությունը չի կորզվել որևէ շանտաժի կամ քաղաքական ճնշման միջոցով:

Загрузка...