Загрузка...

«Խայտառակ կրկնություն. ՀՀ դատավորը ՀՀ դրոշը թևատակն արած գնալու է ռազմաբազայի տարածք՝ դատավարություն իրականացնելու»

50
Загрузка...

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում վաղ առավոտյան ծեծելով դաժանորեն սպանված 57-ամյա կնոջ սպանության գործով կալանավորված մեղադրյալը դեռևս գտնվում Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Ռուսական կողմը նրան հայ իրավապահներին չի հանձնում։ Ավելին՝ առ այսօր չի հրապարակվում նաև նրա անունը։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածն ասում է, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ»:

Իսկ Ռուսաստանի իշխանությունները, օրինակ, Պերմյակովի դեպքում, հղում անելով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածին, պնդում են, որ ՌԴ քաղաքացին, որը գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության տակ, չի կարող հանձնվել այլ պետության։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիրքորոշման համաձայն՝ թե՛ 1995 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը և թե՛ դրան հաջորդող այլ համաձայնագրեր հստակ ենթադրում են, որ 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում, և որևէ տեղ որևէ նշում չկա այն մասին, որ ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության տարածք է: Այսինքն՝ հանցագործության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինվորականը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի տարածքում է, հետևաբար ՌԴ Սահմանադրության արգելքը չի տարածվում նրա վրա:

102-րդ ռազմակայանում ռուսաստանյան օրենսդրությունը գործում է ճիշտ այնքան, որքան դա ամրագրված է միջպետական համաձայնագրերով: Իսկ համաձայնագրերով, ինչպես նշվեց, հստակ ամրագրված է, որ տվյալ գործը պետք է գտնվի հայաստանյան իրավապահների իրավասության տակ:

Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով, սակայն, Հայաստանում գերական պետք  է համարվի կնքված համաձայնագիրը, այլ ոչ թե ՌԴ Սահմանադրությունը։ «Նույն խայտառակ իրավիճակն է, ինչ Պերմյակովի դեպքում։ Ես գրեթե համոզված եմ, որ ռուսական կողմը հայկական կողմին չի հանձնելու ռուս զինծառայողին, թեև ֆորմալ առումով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այդուհանդերձ քրգործի վարույթը գտնվում է մեր իրավապահների վարույթում, բայց կա ողջամիտ կասկած, որ տվյալ անձը, ով մեղադրվում է կնոջ սպանության մեջ, չի հանձնվի հայկական կողմին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նորիկյանը՝ հավելելով. «Մենք ունենալու ենք նույն պատկերը, երբ ՀՀ դատավորը ՀՀ դրոշն ու հիմնը թևատակն արած գնալու է ռուսական ռազմաբազայի տարածք, այնտեղ իրականացնելու է դատավարություն, ինչպես եղավ Պերմյակովի դեպքում։ Իսկ դատավարությունից հետո պատժի կրման հետագա հարցը կրկին կարգավորվելու է ՌԴ օրենսդրությամբ, և տվյալ անձը պատիժը չի կրելու Հայաստանում։ Սա շատ մտահոգիչ կրկնություն է»։

Նորայր Նորիկյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները 2015 թվականի հունվարյան ոճրագործությունից հետո պարտավոր էին համապատասխան իրավական փոփոխությունների ենթարկել ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրերը և պահանջները համապատասխանեցնել այնպես, որ նման դեպքերում տարընթերցումների անհրաժեշտություն չլիներ։ «Ինձ համար անհասկանալի է, որ ինքնիշխան պետության տարածքում ՌԴ Սահմանադրության որևէ հոդված կարող է մեջբերվել  և դոմինանտ դեր ունենալ՝ այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ամրագրված է, որ ՀՀ տարածքում հանցագործություն կատարած անձինք ենթակա են պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Փաստաբանի համար հասկանալի չէ, թե ինչու են իշխանությունները լռում այս դեպքում: «Լռության պատճառները ինձ համար հասկանալի չեն, բայց կարծում եմ, որ ՀՀ իրավապահները պետք  է հստակ դիրքորոշում հայտնեն և պարզաբանեն, թե ինչն է խնդիրը, որ նշված անձը չի գտնվում ՀՀ իրավապահ մարմինների հսկողության ներքո, և ինչպես պետք  է իրականացվի այս քրեական հետապնդումը»,- եզրափակեց Նորայր Նորիկյանը։

Загрузка...