Загрузка...

Լուկաշենկոյի ծառայությունը հայաստանյան ընկերներին

34
Загрузка...
  1. Հայաստանյան հետընտրական թվում է թե հանդարտ իրավիճակը շարունակում է լրացնել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իր վերջին, այսպես ասած, թարմ հայտարարություններով, որոնք, սակայն, անցնում են նույնիսկ կոռեկտության սահմանը: Այստեղ, սակայն, Լուկաշենկոյի հայտարարությունների, այսպես ասած, արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական կոնտեքստը չէ, որ ցանկանում ենք քննարկել, այլ ներքաղաքական:

    Թվում է, որ սա տարօրինակ է՝ այն իմաստով, թե ինչ կապ ունի Լուկաշենկոն Հայաստանի ներքաղաքական կոնտեքստի հետ՝ նա իր խնդիրներն ունի և գուցե նույնիսկ ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ: Սակայն պետք չէ մոռանալ, որ Լուկաշենկոն Հայաստանի ներքին հարցերում ունի որոշակի դերակատարում՝ կապված նախկին համակարգի դերակատարների կամ նրա ընկերների հետ:

    Եվ այդ իմաստով, իհարկե, ամենահիշարժան հանգամանքը 2014 թվականին Աբովյանի նորակառույց եկեղեցու բացումն էր, որի պատվավոր հյուրն էր Լուկաշենկոն, ում իր կառուցած եկեղեցու բացմանը հրավիրել էր նրա ընկեր Գագիկ Ծառուկյանը: Իսկ այդ շրջանը հայաստանյան ներքաղաքական իրավիճակի համար բավականին առանձնահատուկ, նույնիսկ հանգուցային շրջան էր, երբ իշխանական կամ, ավելի շուտ, համակարգային մի թևը՝ ոչ իշխանական բևեռը, Ծառուկյանի ֆորմալ և Ռոբերտ Քոչարյանի ոչ ֆորմալ գլխավորությամբ, պատրաստվում էր վճռական հարված հասցնել Սերժ Սարգսյանի գլխավորած թևին:

    Այս համատեքստում Աբովյանի նորակառույց եկեղեցու բացմանը ըստ էության Լուկաշենկոյի հովանու ներքո տեղի ունեցավ այն, ինչ չէր ստացվում մինչ այդ որևէ կերպ՝ մի տանիքի տակ հավաքվեցին ներիշխանական ամբողջ համակարգը, դրա բոլոր թևերն ու անգամ այդ փուլի, այսպես ասած, համակարգային ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը: Այդ միասնությունն իհարկե երկար կյանք չունեցավ, սակայն այստեղ հատկանշականն իհարկե Լուկաշենկոյի, այսպես ասած, պատրաստակամությունն է՝ ծառայություն մատուցել Հայաստանի այդ ժամանակի իշխող համակարգին՝ թերևս իհարկե դրա դիմաց էլ իր համար որոշակի ծառայության ակնկալիքով, որ մատուցվել է եվրասիական շրջանակներում:

    Եվ այստեղ է գուցե նաև այդ շրջանակներում Հայաստանի լռության քաղաքականության գաղտնիքներից մեկը, երբ Բելառուսն ու Ղազախստանը անկաշկանդ ոտնահարել են Հայաստանի շահերը՝ Երևանի լռության պայմաններում:

    Այժմ այդ համակարգը նախկին իշխանական է, սակայն խիստ հատկանշական է, որ իր գործունեությամբ Լուկաշենկոն ներկայումս այդ համակարգին է տալիս առնվազն քարոզչական դաշտում միավորների հնարավորություն, էլ չասած այն մասին, որ թերևս Հայաստանի նոր իշխանությանը փորձում է մղել Հայաստանում, այսպես ասած, իր ընկերների ծառայություններից օգտվելու քայլին, որպեսզի դիմեն նրա հայաստանյան ընկերներին՝ Լուկաշենկոյի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

    Այդ իմաստով էլ, ի դեպ, խիստ հետաքրքիր էր ՀՀԿ ցուցակում տեղ գտած անկուսակցական Շահնազարյանի, այսպես ասած, խորհուրդ-հորդորը, թե ՀԱՊԿ-ում ստեղծված լարվածությունը հանգուցալուծելու համար պետք է դիմել Գագիկ Ծառուկյանի օգնությանը, որը ընկերական հարաբերություն ունի Լուկաշենկոյի հետ:

    Իհարկե, Բելառուսի նախագահի վարքագիծը բուն իմաստով ունի շատ ավելի խորքային պատճառներ, և նրա բուն հարցերը եվրասիական դաշտում են, Ռուսաստանի հետ հարաբերության դաշտում, սակայն, իհարկե, այդ ընթացքում նրա համար ոչինչ չարժե Հայաստանի նախկին համակարգի թևերին ընկերական ծառայություն մատուցելու մի փոքր ջանքը, որը լիովին տեղավորվում է իր եվրասիական պլանների շրջանակում:

    Լուսանկարը՝ PanARMENIAN-ի

Загрузка...