Загрузка...

Լավրովի նոր պլանը. Ադրբեջանը չկա

96
Загрузка...

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կոմսոմոլսկայա պրավդայի հետ զրույցում անդրադարձել է հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում ստեղծված կենսաբանական լաբորատորիաների հարցին, որ ուղղել են նրան: Լավրովը ասել է, որ Ռուսաստանն աշխատում է այդ երկրների հետ տվյալ լաբորատորիաների թափանցիկությունը ապահովելու ուղղությամբ, որպեսզի վստահ լինեն, որ դրանցում չկա վտանգ Ռուսաստանի համար:

Ըստ Լավրովի, վրացական կողմը ապահովել է ռուսաստանյան դիվանագիտական պատվիրակության մուտքը այդ լաբորատորիաներ, սակայն այժմ փորձում են պայմանավորվել, որ լաբորատորիաները հասանելի լինեն մասնագետների համար, որպեսզի մասնագիտորեն կարողանան հասկանալ՝ վտանգ կա՞ ՌԴ համար, թե՞ ոչ:

Լավրովը հայտարարություն է արել նաեւ Հայաստանի առնչությամբ, ասելով, որ պատրաստում են հայ-ռուսական համաձայնագիր, որը «կբացառի օտարերկրյա զինվորականների ներկայությունն այնտեղ» եւ հիմք կտա իրենց վստահ լինել լաբորատորիաների աշխատանքի թափանցիկության հարցում: Լավրովը նշել է, թե այդպիսի բան են պատրաստում նաեւ Ղազախստանի հետ:

Լավրովի հայտարարության առնչությամբ արժե դիտարկել երկու հանգամանք: Նախ անմիջական համաձայնագրի առնչությամբ: ՌԴ արտգործնախարարի խոսքը հայկական մեդիատարածությունում որոշակիորեն ներկայացվել է առանց կենսաբանական լաբորատորիաների հիշատակման, ինչը բնականաբար հանրության մոտ առաջացնում է տպավորություն, թե խոսքը Հայաստանում այլ երկրի զինվորականների ներկայությունը բացառող հայ-ռուսական համաձայնագրի մասին է: Ավելորդ է նկարագրել, թե ինչպիսի հանրային արձագանք կստանա այդօրինակ տեղեկատվությունը, եթե ներկայացվում է առանց կենսաբանական լաբորատորիաների բաղադրիչի: Մինչդեռ, դա էական է, հատկապես, որ համաձայնագիրը ամենայն հավանականությամբ վերաբերելու է նաեւ ռուսաստանյան զինվորականների ներկայությունը բացառելուն:

Այստեղ անշուշտ աներկբա է, որ Լավրովի բարձրաձայնած այսպես ասած պլանի առնչությամբ Հայաստանի կառավարությունը պետք է հանրությանը ներկայացնի սպառիչ տեղեկատվություն: Ըստ դրա պետք է գնահատվի, թե այդ նոր համաձայնագրում ինչպես է արտահայտված Հայաստանի ինքնիշխանությունն ու շահը:

Ինչ վերաբերում է Հայաստանում օտարերկրյա ռազմական ներկայության բացառմանը, ապա այդ հարցը լուծել են դեռեւս 2013 թվականին, ՀԱՊԿ շրջանակում կնքված համաձայնագրով, որը Հայաստանի խորհրդարանում վավերացրել է թե իշխանության, թե ոչիշխանական բեւեռի մասնակցությամբ: Ըստ այդ համաձայնագրի, ՀԱՊԿ անդամ երկրներում բացառվում է երրորդ երկրի ռազմական ենթակառուցվածքի տեղակայում առանց ՀԱՊԿ անդամների միջեւ կոնսենսուսի:

Լավրովի ներկայացրած պատրաստվող նոր պլանի հետ առնչվող մյուս հանգամանքն այն է, որ ՌԴ արտգործնախարարը ԿՊ-ի հետ իր զրույցում, անդրադառնալով հետխորհրդային երկրներում ամերիկյան օժանդակությամբ կենսաբանական լաբորատորիաների ստեղծմանը, Լավրովը մոռացավ Ադրբեջանի մասին: Ադրբեջանի մասին, ի դեպ, մոռացավ նաեւ հարցը բարձրացրած Կոմսոմոլսկայա պրավդայի հատուկ թղթակիցը՝ Դարյա Ասլամովան: Մինչդեռ կենսաբանական այդ լաբորատորիաներից առկա են նաեւ Ադրբեջանում:

Ինչու՞ ՌԴ արտգործնախարարը չի խոսել Ադրբեջանում այդ կառույցների թափանցիկության վերահսկման պլանների մասին: Չկա՞ Ադրբեջանն այդ պլաններում, թե՞ Բաքուն մերժել է Մոսկվային:

Ի դեպ, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ է ստանում Հայաստանը՝ չմերժելով:

Загрузка...