Загрузка...

Բաքուն ճանաչո՞ւմ է Արցախը. Ինչ է կատարվում

59
Загрузка...

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք կապվում են բավական ներդաշնակ շղթայով եւ առնչվում են Արցախի խնդրին: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը մի շարք բացահայտումներ արեց, ըստ որոնց Ադրբեջանը պատրաստ էր Հայաստանով անցկացնել խողովակաշարը 5 շրջանները վերադարձնելու դիմաց: Նա ասել է, որ Սերժ Սարգսյանը մերժել է այդ առաջարկը:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը «փոխանակվեցին» թվիթերյան գրառումներով:

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է Հայաստանի առաջնահերթությունը: Մենք կշարունակենք խաղաղ կարգավորման գործընթացը հանուն տարածաշրջանում կայունության եւ խաղաղության: Կարգավորումը ջանքեր է պահանջում բոլոր կողմերից»,- գրել է Փաշինյանը:

«2019 թվականը նոր ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», -գրել է Ալիեւը:

Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույն օրը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությանը: Նա ասել է, որ պետք է լինի արդար կարգավորում երկու կողմերի համար:

Նույն օրը ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ Ադրբեջանը մտադիր է հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան-Ղազախ հատվածում հետ քաշել զորքը եւ տեղակայել սահմանապահների: Պետք է նշել, որ այս հատվածում հերթապահություն են իրականացնում ՀՀ ոստիկանության ներքին զորքերը:

Արդյոք սա երկու կողմերից բարի կամքի դրսեւորում է, Դուշանբեի չկրակելու եւ օպերատիվ կապ հաստատելու վերաբերյալ պայմանավորվածությունից հետո:

Հետաքրքիր է, որ նույն ասուլիսի ժամանակ Լուկաշենկոն նախատել էր ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբին անգործության մեջ, հայտարարելով, թե նրանք ոչ մի բան չեն արել կարգավորման ուղղությամբ:

Պետք է նշել նաեւ, որ Ալիեւի վերջին շրջանի հռետորաբանությունը բավական մեղմացել է, միեւնույն ժամանակ, նկատելի է, որ նրա գրառումներն ու հայտարարություններն ուղղված են ավելի շատ Մոսկվայի, քան Հայաստանի կողմ:

Հայաստանում նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները լայն արշավ էին սկսել նրա դեմ, մեղադրելով Արցախի հարցում զիջումների եւ իշխանության դիմաց «Արցախը հանձնելու» մտադրության համար: Խոսվում է ռուսական նոր պլանի, ԱՄՆ կողմից ճնշումների եւ այլնի մասին, եզրակացնելով, որ «կարգավորումը» մոտ է:

Ի՞նչ է կատարվում եւ ինչի հետ էր կապված այս հանկարծակի ակտիվացումը Արցախի խնդրով: Ի՞նչ պայմանավորվածություններ են եղել Դուշանբեում եւ ինչ զարգացումներ են տեղի ունենում, արդյոք կա «լավրովյան» պլան:

Անցնելով իշխանության, Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում հայտարարեց իր մոտեցումների մասին: Ըստ այդմ, Հայաստանը չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն, պետք է կատարվեն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները եւ պետք է առաջնահերթ լուծվի Արցախի կարգավիճակի հարցը:

Այս պայմաններում Ալիեւը հայտնվել էր բարդ իրավիճակում, նկատի առնելով ոչ վաղ անցյալի հռետորաբանությունն ու խոստումները: Ադրբեջանը դեմ է Վիեննայի օրակարգին եւ Արցախի կարգավիճակի ճանաչմանը, մյուս կողմից չի կարող պատերազմ սկսել, չունենալով երաշխիքներ, որոնք ոչ ոք չի տալիս: Այս պայմաններում անհրաժեշտ էր մի գործընթաց, որը նրան հնարավորություն կտար նահանջել իր հռետորաբանությունից:

Ներկայում դա էլ տեղի է ունենում. նա հայտարարում է, որ մեղավորը «Սերժ Սարգսյանի կոռումպացված վարչակարգն էր», որ Ադրբեջանին հաջողվեց թույլ չտալ բանակցային ձեւաչափի փոփոխություն, որ 2019-ին կլինի նոր ազդակ, եւ այլն:

Բացի այդ, զորքերի հետքաշումը Հայաստանի հետ սահմանից մեկնաբանվում է որպես բարի կամքի դրսեւորում: Սա անհրաժեշտ է հատկապես Վիեննայի օրակարգի իրականացումը թույլ չտալու համար, որը ոչ այլ ինչ է, քան Արցախի ճանաչումը: Դուշանբեի պայմանավորվածություններն էլ բերվում են որպես փաստարկ, որ կողմերն իրենք կարող են մոնիտորինգի մեխանիզմ պայմանավորվել, առանց Մինսկի խմբի միջնորդության:

Միեւնույն ժամանակ, այս իրավիճակը ձեռնտու է նաեւ Մոսկվային, որը նույնպես դեմ է Վիեննայի օրակարգին:

Կարելի՞ է ասել, որ կա «կարգավորման» հեռանկար: Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ Ադրբեջանը պատրա՞ստ է ճանաչել Արցախը, որը հայկական կողմի առաջնահերթ պայմանն է: Թե՞ գործ ունենք իմիտացիայի հերթական փուլի հետ:

Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, պետք է նշել, որ Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի հայրենադարձությունը, Արցախի տարածքների վերաբնակեցումը: Ժամանակին թե Եվրոպական մոնիտորիգը, թե նույնիսկ Լուկաշենկոն նշել են, որ այդ տարածքները վերաբնակեցված չեն: Դա Հայկական պետականության կենսունակության, զարգացման ու հզորացման պայմանն է:

Загрузка...