Առողջապահության նախարարը Սերժ Սարգսյանի խնամուն փոխարինող է գտել

289

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու Սերժ Սարգսյանի խնամուն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին, եւ այդ պաշտոնում նշանակելու է իր ընկերոջը: Հիշեցնենք՝ նախարարությունն արդեն մի քանի շաբաթ է՝ ստուգումներ է իրականացնում հիվանդանոցում, եւ Թորոսյանը հայտնաբերված չարաշահումների մասին խոսել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում:

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նախարարը այս հարցում վճռական է տրամադրված եւ աուդիտ իրականացնող ընկերությանը հանձնարարել է ամեն գնով չարաշահումներ հայտնաբերել հիվանդանոցում, քանի որ ինքը տնօրենի իր թեկնածուն ունի: Նշենք, որ երեկ բուժհիմարկի անձնակազմը նամակ է հրապարակել՝ նախարարից պահանջելով դադարեցնել իրենց հիվանդանոցի դեմ սկսված արշավը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։

Իսկ ահա ԱՆ-ից փոխանցեցին հետեւյալը.«Բազմաշերտ ուսումնասիրություն է արվում, քանի որ այն առողջապահության նախարարության ենթակայության կառույց է։ Ստուգվում է հատկապես պետպատվերով տրամադրված ծախսերի արդյունավետությունը։ Արդեն իսկ խախտումներ հայտնաբերվել են»։ Հարցին, թե նախարարն իր թեկնածուն ունի, մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ ինքը նման տեղեկություն չունի: