Загрузка...

ԱՄՆ-ը սլաքներն ուղղում է Փաշինյանի վրա՝ «եթե իրոք հեղափոխական ես, բեկում մտցրու Ղարաբաղի հարցում»

134
Загрузка...

«Առաջին լրատվական»

«ԱՄՆ-ի մոտեցումն արտահայտվեց դեսպան Միլսի հայտարարությամբ, թե Հայաստանը «գրավյալ տարածքներ» պիտի վերադարձնի, ինչն էլ, ըստ այդ մոտեցման, պիտի բերի որոշակի բեկման (Ղարաբաղի հարցում)։ Սա բավական նեղ և ոչ հայաստանակենտրոն մոտեցում է։ Խնդրին պետք է համակողմանիորեն անդրադառնալ։ Ինչո՞ւ է հակամարտության կարգավորումը նույն վիճակում, որևիցե տեղաշարժ չի արձանագրվում։ Արդյոք Հայաստա՞նն է կամ Նիկոլ Փաշինյա՞նն է, որ պետք է ինչ-որ տեղաշարժ արձանագրի։ Սա, ըստ երևույթին, սառը պատերազմյան մոտեցում է… Հայաստանը չէ այն կողմը, որը սպառազինությունների մրցավազք է հրահրում։ Դա անում է Ադրբեջանը, որն իր  հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ այլընտրանք չի թողնում Հայաստանին»։

https://img3.newsinfo.am/big/VyWepM83QN.jpg

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը (ԱՄՆ):

– Պարոն Թերզյան, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելությունն ընդհանուր առմամբ առաջընթաց է արձանագրել դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում՝ նշելով, որ ընտրություններն անցկացվել են ազատ և մրցակցային պայմաններում, կոպիտ ընտրախախտումների՝ ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումների բացակայությունը թույլ է տվել իրական մրցակցություն ապահովել, և ընտրական գործընթացը վայելել է հանրության լայն աջակցությունը։ Արևմուտքը՝ ի դեմս Եվրամիության (ԵՄ) և Միացյալ Նահանգների, համաձայն է այս գնահատականների հետ։ Եվրամիության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ-ն ճանաչում է ընտրությունների արդյունքները և պատրաստ է համագործակցել Հայաստանի ընտրված խորհրդարանի և նոր կառավարության հետ։ Այդ համագործակցությունը Հայաստանի հետ և աջակցությունը Հայաստանի ներքին խնդիրներին եվրոպական կողմը դիտում է առաջին հերթին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրագործման շրջանակներում։ ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է աշխատելու Հայաստանի նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ, խորացնելու երկկողմ գործընկերությունը, ինչպես նաև շարունակելու օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված համագործակցությունը: Ձեր կարծիքով՝ այս հայտարարություններին ավելի կոնկրետ գործողություններ կհետևե՞ն Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից՝ ուղղված Հայաստանի ներքին բարեփոխումների խթանմանը, թե՞ եվրոպական ու ամերիկյան քաղաքականությունների մեջ լուրջ փոփոխություններ չեն լինի, քանի որ Նիկոլ Փաշինյանը հստակ նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, այսինքն՝ Հայաստանն իր կողմնորոշումը Ռուսաստանից չի փոխելու դեպի Արևմուտք։

– Նախ՝ պետք է նշենք, որ ներքին և արտաքին քաղաքականությունների միջև կա սերտ փոխկապվածություն, և շատ հաճախ հենց ներքին քաղաքականությունն է կանխորոշում պետության արտաքին քաղաքական վարքագիծը և կշիռը։ Եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա դժվար է պատկերացնել ոչ լեգիտիմ իշխանության արտաքին քաղաքական հաջողություններ, քանի որ շատ հաճախ ընտրակեղծարարության, ընդդիմությանը ճնշելու, ուժ գործադրելու, տարբեր անթույլատրելի միջոցներով իշխանության եկած ուժը չի վայելում արտաքին խոշոր դերակատարների աջակցությունը, և նրանք վերապահումով են հարաբերվում այդ երկրների հետ։ Այս առումով պետք է փաստենք, որ միջազգային բոլոր զեկույցների համաձայն՝ Հայաստանում իրապես տեղի են ունեցել ազատ, արդար և մրցակցային ընտրություններ, որոնք որակապես տարբերվում են նախորդ ընտրություններից։ Եվ սա, բնականաբար, լեգիտիմ իշխանության ձևավորման հիմքում է դրվել, ինչն արդեն իսկ խիստ դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։ Եվրամիությունը բազմիցս նշել է, որ ժողովրդավարական առաջընթացն իր գործընկեր երկրներից յուրաքանչյուրում դիտում է որպես իր հետ լրջորեն հարաբերվելու և հարաբերությունները խորացնելու պայման։ Եվ այս առումով Յոհանես Հանի հայտարարությունը առ այն, որ ԵՄ-ում անհամբեր սպասում են Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ CEPA-ի գործարկմանը, ցույց է տալիս, որ Եվրամիությունում նոր հույսեր են առաջացել՝ կապված Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի հետ, և հավանաբար կան նաև հայեցակարգային նոր մոտեցումներ, ու հնարավոր է գործակցությունը Հայաստանի հետ միանգամայն այլ հարթություն տեղափոխել, այսինքն՝ լիովին իրագործել CEPA-ն, որը հաճախ դիտվում է որպես անցումային համաձայնագիր, ինչը հնարավորություն կտա ավելի խորացնելու համագործակցությունը, հասնելու ուժի մեջ չմտած Ասոցացման համաձայնագրին ավելի մոտ համաձայնագրի գործարկմանը։ Եվ այս առումով ԵՄ-ի արձագանքը, բնականաբար, շատ դրական է և ոգևորող։

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների արձագանքին՝ այստեղ ավելի շատ տեսնում ենք հղում ԵԱՀԿ դիտորդական խմբի գնահատականին, որ ընտրությունները համապատասխանում են ազատ, արդար, մրցակցային ընտրությունների չափանիշներին, սակայն միաժամանակ ԱՄՆ-ի շնորհավորանքի մեջ նշվում է այդ զեկույցում մատնանշված՝ բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, քանի որ, ըստ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդների, պետք է ընտրական բարեփոխումներ իրականացվեն, և հատկապես ԵԱՀԿ զեկույցում շեշտը դրվում է նրա վրա, որ ընտրարշավի ֆինանսավորումը բավական չկարգավորված էր, ինչը ստվերում է թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները։ Այսինքն՝ աճի տեղ դեռևս կա։ Միացյալ Նահանգների արձագանքը ևս միանշանակ դրական է, բայց ավելի զուսպ և չափավոր լավատեսությամբ։

– Իսկ ընդհանրապես վերջին ամիսներին գրանցված նկատելի առաջընթացը Հայաստանի ժողովրդավարացման հարցում, քաղաքական փոփոխությունները, բարեփոխումները ինչ-որ առումով փոխե՞լ են վերաբերմունքը ԱՄՆ-ում Հայաստանի նկատմամբ։

– Անկեղծ ասած՝ ես ավելի մեծ ակնկալիքներ ունեի Միացյալ Նահանգների արձագանքից Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ու դրանից բխող նոր միջավայրի, իրականության ձևավորման վերաբերյալ, բայց այնպես ստացվեց, որ ի սկզբանե ողջունելով խաղաղ իշխանափոխությունը և հեղափոխությունը Հայաստանում, այդ հեղափոխության հռչակած արժեքները՝ Միացյալ Նահանգներն այնուհետև որոշակի հաղորդագրություններ առաքեց Հայաստանին, մասնավորապես՝ դեսպան Միլսի հայտարարությունը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Ադրբեջանին տարածքներ զիջելու անխուսափելիության մասին: Հարկ է նշել նաև ԱՄՆ արտաքին քաղաքական դիսկուրսում շրջանառվող դրույթներն առ այն, որ այժմ արդեն Հայաստանում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն, որը մեծ հնարավորություններ ունի բեկում մտցնելու Ղարաբաղյան հարցում։ Եթե մինչ այդ Միացյալ Նահանգները Հայաստանի իշխանության վարքագիծը կարող էր որակել որպես խուսանավող, որը չի կարողանում լեզու գտնել սեփական ժողովրդի հետ, երկրում ներքին տարաձայնություններ կան, և ղեկավարությունը չունի բավարար կշիռ և հանրային աջակցություն այնպիսի համարձակ քայլեր կատարելու, ինչպիսին, օրինակ, Ղարաբաղյան հարցում բեկում մտցնելն է, ապա այս իշխանությունն ունի նման հնարավորություն և նման լծակներ։ Եվ Միացյալ Նահանգները շատ արագ այդ ջերմ շնորհավորանքներից անցավ կոնկրետ հարցադրումների և սկսեց կոնկրետ հարցեր բարձրացնել, որ ժամանակն է բեկում մտցնել Ղարաբաղյան հարցում, ինչից կարող ենք եզրակացնել, որ փաստորեն Միացյալ Նահանգների համար Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ամենակարևոր կամ ակնկալվող արդյունքը հենց Ղարաբաղյան հարցում բեկում մտցնելն է։ Եվ սա, բնականաբար, չենք կարող միանշանակ դրական գնահատել մեզ համար, քանի որ բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Ղարաբաղյան հարցում Հայաստանը չէ, որ պետք է ինչ-որ զիջումներ անի կամ փոխի իր հռետորաբանությունը։ Ու չգիտես ինչու, Միացյալ Նահանգները փորձում է սլաքներն ուղղել Հայաստանի կողմը՝ անընդհատ մատնանշելով իշխանության լեգիտիմ լինելու հանգամանքը և այդ լեգիտիմությունը կապելով երկրի արտաքին քաղաքականության ու հակամարտության կարգավորման մեջ նոր՝ դրական տեղաշարժի հասնելու հեռանկարի հետ։

– Բոլթոնի այն հայտարարությունը, թե ընտրություններում հաղթելու դեպքում Փաշինյանը «ուժեղ մանդատ» կստանա և կարող է «վճռական քայլեր» ձեռնարկել Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ, նշանակո՞ւմ է, որ ամերիկյան կողմը կարգավորման ծրագիր ունի և ընտրություններից հետո հանդես է գալու միջնորդական առաքելությամբ, թե՞ ամերիկացիները պարզապես խրախուսում են հայկական կողմին՝ ավելի ակտիվ լինելու ԼՂ հարցում։ Կամ էլ այդ հայտարարությունը գլխավորապես կապված էր Իրանի խնդրի և ԱՄՆ-Իրան հարաբերությունների՞ հետ։ Եվ ի՞նչ կասեք Դաշնակցության, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների այն մեղադրանքների մասին, թե իբր Փաշինյանը «Ղարաբաղը հանձնելու» ծրագիր ունի։ Նման հայտարարություն արեց Դավիթ Շահնազարյանը, որին այնուհետև կանչեցին Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու և փաստեր ներկայացնելու, բայց նա չներկայացավ։ Իսկ Հրանտ Մարգարյանը հարցազրույցներից մեկում շատ պարզ ակնարկեց, թե կասկածներ ունի, որ Նիկոլը ամերիկացիների պահանջով է հապճեպ անցկացնում ընտրությունները, որովհետև պատրաստվում է փոխել «քաղաքական օրիենտացիան» և դրա համար «վճարել Ղարաբաղով»։

– Եթե պատկերավոր խոսեմ՝ սա նմանեցնում եմ աբստրակցիոնիզմի հետ, երբ այնպիսի խճանկարային իրավիճակ է, որ կարելի է յուրաքանչյուր դիտակետից մոտենալ հարցին և տարբեր պատկերներ տեսնել։ Բայց եթե հաշվի առնենք տարածաշրջանում ԱՄՆ առաջնահերթությունները, այն է՝ հնարավորինս մեծացնել ճնշումը Իրանի նկատմամբ և հնարավոր բոլոր կողմերից նրան շրջափակման մեջ առնել, ապա, բնականաբար, այդ առումով հայտնի է, որ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից ճնշում կար՝ կապված Իրանի հետ սահմանի և առհասարակ հայ-իրանական առևտրատնտեսական սերտ հարաբերությունների հետ, բայց այդ հարցն ի սկզբանե դրվել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, որ երկու կողմից փակ սահմաններ ունեցող երկիրն այլընտրանք չունի։

Եթե տարածաշրջանում հնարավոր լինի գործարկել այդպիսի մի սցենար, որով Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի կամ թեկուզ այնպիսի մասնակի լուծում ստանա, որը բերի հայ-ադրբեջանական սահմանի բացմանը, ապա, բնականաբար, ճնշումը Հայաստանի վրա՝ կապված Իրանի հետ հարաբերությունները վերանայելու հետ, էապես մեծանում է, և նաև մեծանում են ԱՄՆ-ի կողմից Իրանին ավելի մեծ շրջափակման ենթարկելու հնարավորությունները։ Եվ այդ առումով միանշանակ ճիշտ է հենց այդ համատեքստում խնդրին մոտենալը, քանի որ Միացյալ Նահանգները ցանկացած աշխարհաքաղաքական իրավիճակում, ցանկացած երկրում տեղի ունեցած փոփոխությունը կապում է ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացների հետ և գործընթացների հնարավոր զարգացման բարդ սցենարներ ներկայացնում։ Այս տեսանկյունից համակարծիք եմ նշված տեսակետի հետ։ Բայց բնական է, որ Միացյալ Նահանգները կոնկրետ Ղարաբաղյան հարցում իշխող դերակատարը չէ, և այս խնդիրը որքան հայ-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթում է, այնքան էլ ռուս-ամերիկյան հարաբերությունների տիրույթում, քանի որ ակնհայտ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բերելու է տարածաշրջանում ուժային հավասարակշռության որոշակի փոփոխության։ Այնպես չէ, որ Միացյալ Նահանգները սցենարներ է մշակում, և այդ սցենարներն ամբողջությամբ կենսագործվում են։ Պարզապես, բնականաբար, ջանքեր են գործադրվում։ Նախևառաջ Միացյալ Նահանգները փորձում է ազդել Նիկոլ Փաշինյանի արտաքին լեգիտիմության վրա, ցույց տալ, որ եթե «դու հեղափոխական կերպար ես, որը եկել է հեղափոխության արժեքները կյանքի կոչելու և Հայաստանի իրավիճակն արմատապես փոխելու համար, ապա այդ փոփոխությունները պետք է նաև արտաքին քաղաքականության մեջ դրսևորվեն»։ Իհարկե, այստեղ սլաքները, չգիտես ինչու, ուղղվում են Հայաստանի վրա, որ Հայաստանը պետք է քայլեր անի Լեռնային Ղարաբաղի հարցում բեկում մտցնելու համար։ Եվ ԱՄՆ մոտեցումն արտահայտվեց Միլսի հայտարարությամբ, թե Հայաստանը «գրավյալ տարածքներ» պիտի վերադարձնի, ինչն էլ, ըստ այդ մոտեցման, պիտի բերի որոշակի բեկման։ Սա բավական նեղ և ոչ հայաստանակենտրոն մոտեցում է։

– Բոլթոնն, ըստ էության, ասում էր, որ եթե Փաշինյանը «ուժեղ մանդատ» ստանա ժողովրդից, կարող է ոչ պոպուլյար քայլեր ձեռնարկել Արցախի հարցում և տեղից շարժել կարգավորման գործընթացը։ Արդեն նշեցինք, որ ամերիկյան կողմի պատկերացմամբ՝ այդ «վճռական քայլերը» հայկական կողմից տարածքային զիջումներն են։ Բայց եթե Փաշինյանը լեգիտիմ իշխանություն ունի, ժողովրդի աջակցություն ու ավելի ամուր դիրքեր երկրում, քան նախորդ ղեկավարը, տրամաբանական է, որ արտաքին ուժերի համար ավելի դժվար կլինի ճնշում գործադրել նրա վրա, որպեսզի զիջումներ անի Ղարաբաղի հարցում։ Չե՞ք կարծում, որ այս իմաստով Բոլթոնի ասածը բավական միակողմանի է, որովհետև առանց Ադրբեջանի պատրաստակամության՝ հնարավոր չէ հասնել խնդրի լուծմանը, և գլխավոր խնդիրը հենց Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը։

– Միանշանակ համաձայն եմ։ Այս առումով Միացյալ Նահանգները բավական խտրական և նեղ մոտեցում է դրսևորում Ղարաբաղյան հարցի վերաբերյալ և նաև փորձում է ոչ միայն Հայաստանի նախորդ վարչակարգի, այլև Ադրբեջանի ներկայիս իշխանության արատավոր դրսևորումների ապաշխարությունը տեսնել Նիկոլ Փաշինյանի կառավարումից։ Դա անհնար է։ Խնդրին պետք է համակողմանիորեն անդրադառնալ։ Ինչո՞ւ է հակամարտության կարգավորումը նույն վիճակում, որևիցե տեղաշարժ չի արձանագրվում։ Արդյոք Հայաստա՞նն է կամ Նիկոլ Փաշինյա՞նն է, որ պետք է ինչ-որ տեղաշարժ արձանագրի։ Սա, ըստ երևույթին, սառը պատերազմյան մոտեցում է՝ սառը պատերազմի տրամաբանությանը բնորոշ, որ կողմերից մեկը մյուսի հետ անզիջում պայքարի է գնում, և մինչև մեկը կանգ չառնի, մյուսը կանգ չի առնի։ Բայց Հայաստանը չէ այն կողմը, որը սպառազինությունների մրցավազք է հրահրում։ Դա անում է Ադրբեջանը, որն իր  հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ այլընտրանք չի թողնում Հայաստանին։ Այսինքն՝ հարցին պետք է անդրադառնալ այս տեսանկյունից՝ ունի՞ արդյոք Հայաստանը այլընտրանք։

Այստեղ մի այլ խնդիր էլ կա։ Հիմա բազմաթիվ սպեկուլյանտներ, կեղծ քաղաքագետներ մեղադրում են Հայաստանի նոր կառավարությանը տարածքներ հանձնելու ինչ-որ դավադրությունների և այլ ծրագրերի մեջ, բայց մենք մի բան պիտի հաշվի առնենք, որ Ղարաբաղյան հարցում զիջումներ անելու ակնկալիքով Հայաստանի վրա ճնշում գործադրելը նոր չէ, և այդ ճնշումը նաև Ռուսաստանի կողմից է եղել, ինչի դրսևորումներն էին ապրիլյան պատերազմը, վերջին շրջանում տեղի ունեցած լարվածությունների ալիքը։ Այս առումով, կարծես, տեսական, հնարավոր սցենարներից մեկն այն է, որ կարող է լինել ռուս-ամերիկյան համաձայնություն, ըստ որի՝ Ղարաբաղյան հարցում ընդունելի են որոշ տեղաշարժեր և ստատուս-քվոյի որոշ փոփոխություններ։ Ընդունենք դա Արցախի կողմից որոշ տարածքների հանձնման տեսքով։ Եթե կա այդպիսի սցենար, և կա նման համաձայնություն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, ապա նման հարցադրումներ բարձրացնելով՝ բնականաբար, փորձում են ցույց տալ, որ լեգիտիմ իշխանությունը պետք է կարողանա նման ցավոտ քայլերի դիմել։ Բայց ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի համաձայնության, ռուսական կողմի ներգրավման՝ հնարավոր չէ Ղարաբաղյան հարցում միակողմանի ինչ-որ փոփոխություններ անել։

Քանի որ հարցերի շրջանակը ռուս-ամերիկյան հարաբերություններում բավական լայն է՝ ուկրաինական ճգնաժամից մինչև Սիրիա և Իրան, չգիտենք, թե տարբեր հարցերում նրանք ի՞նչ սակարկությունների, համաձայնությունների են գալիս, ո՞ր հարցում են որոշում ինչ-որ տեղաշարժ արձանագրել, զիջումների գնալ և ինչի՞ գնով։ Իհարկե, տա Աստված, որ կոնկրետ Ղարաբաղի հարցում չլինի նման վատատեսական սցենար՝ ռուս-ամերիկյան համաձայնություն, որը կարող է ոչ հայանպաստ որոշումների բերել։ Բայց իմ հիմնական պնդումն այն է, որ առանց ռուս-ամերիկյան համաձայնության՝ իրատեսական չէ խոսել Ղարաբաղյան հարցում ինչ-որ զգալի տեղաշարժերի մասին։

– Ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը թույլ տալի՞ս է նման համաձայնության գալու, թե՞ ընդհակառակը՝ դա ավելի քիչ հավանական է։

– Հարցը հենց դա է՝ քանի որ այդ հարաբերությունները բավական բազմաշերտ են և կնճռոտ, հակամարտող կողմերից մեկը կարող է ինչ-որ զիջումներ անել մյուսին այլ՝ իր համար ավելի կարևոր հարցերի վերաբերյալ զիջումներ ստանալու համար։ Օրինակ՝ այսօր Ռուսաստանի համար Ուկրաինայի հարցն է շատ կարևոր, Միացյալ Նահանգների համար շատ կարևոր են Սիրիայի, Իրանի հարցերը։ Այսինքն՝ գործ ունենք այնպիսի սցենարների հետ, երբ յուրաքանչյուր կողմ իր համար ավելի գերակա շահերն առաջ տանելու համար կարող է որոշակի տակտիկական զիջումներ անել։ Բայց այդ տակտիկական զիջումները բնականաբար չպետք է լինեն այնպիսին, որ բերեն ուժերի հավասարակշռության փոփոխման։

– Իսկ ի՞նչ դիրքորոշում կցուցաբերի Միացյալ Նահանգները հայ-իրանական հարաբերությունների առնչությամբ։ Հաշվի առնելով Հայաստանի բարդ աշխարհագրական, քաղաքական ու տնտեսական վիճակը՝ Թրամփը նախորդ վարչակազմերի պես, այսպես ասած, աչք կփակի՞ հայ-իրանական սերտ հարաբերությունների վրա, թե՞ կարող է ավելի անհանդուրժող լինել այս հարցում։

– Միացյալ Նահանգների հռետորաբանությունը, Փաշինյանին ուղղված հաղորդագրությունը մոտավորապես հետևյալին է հանգում, որ «եթե դու քո նախկիններից ավելի լավն ես, ապա պետք է դուրս գաս բացառապես ռուսական ազդեցության գոտուց և փորձես ավելի բազմավեկտոր քաղաքականություն վարել՝ մասնավորապես բարձր մակարդակի վրա պահելով հարաբերություններն Արևմուտքի հետ։ Իսկ եթե դարձյալ մնաս ռուսական ազդեցության գոտում և սահմանափակվես այդ շրջանակներով, ապա այդ հեղափոխության արժեքները, փոփոխությունները երկրում կասկածի տակ են»։ Եվ այս առումով փորձում են դա շահարկել, որ «եթե դու իրոք հեղափոխական կերպար ես, ապա պետք է համարձակ արտաքին քաղաքական քայլեր ձեռնարկես»։

Եթե այս համատեքստում ենք դիտարկում հայ-ամերիկյան հարաբերությունները, ապա միանշանակ ԱՄՆ-ի համար խիստ կարևոր է հայ-իրանական հարաբերություններում ի վնաս Իրանի որոշակի փոփոխություններ մտցնելը։ Բայց այստեղ կրկին գործ ունենք ԱՄՆ-ի միակողմանի մոտեցման և իրադարձությունների ու երևույթների ընտրողական մեկնաբանության հետ։

– Իրանի հարցում ամերիկյան և հայկական կողմերի դիրքորոշումների մասին պատկերացում կարող ենք կազմել նույն Բոլթոնի հայտարարություններից։ Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններից հետո նա հայտարարեց, որ խոսել են ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին՝ անդրադառնալով այն հարցին, թե Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցներն ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա։ Իսկ Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունները Բոլթոնը գնահատեց «արդյունավետ» եզրույթով՝ նշելով, թե քննարկվել են «Իրանին զսպելու քայլերը», ինչից հայ իրանագետները եզրակացրին, որ հայկական կողմը համաձայնություն չի տվել Իրանի դեմ Թրամփի կազմակերպած արշավին, մինչդեռ Բաքվում ԱՄՆ-ին հաջողվել է ստանալ Ադրբեջանի ղեկավարության գրեթե լիակատար աջակցությունը Իրան ի դեմ ձեռնարկվելիք գործողություններին։

– Այստեղ կա մեկ այլ խնդիր, որ Հայաստանի ներկայիս վիճակը հաշվի առնելով՝ չեմ կարծում, թե որևէ ուժ Հայաստանի հետ բանակցություններում կքննարկի Իրանի հետ հարաբերությունները փոխելու հարցը։ Կարող են քննարկվել ավելի լայն տարածաշրջանային խնդիրներ և դրանից նոր բխեցնել հետագա փոփոխությունների հարցը։ Բայց այս իրավիճակում, երբ Հայաստանը երկկողմ շրջափակման մեջ է, բարձրացնել Իրանի հետ հարաբերությունները վերանայելու հարցը, բնականաբար, լուրջ չէ։ Այլ հարց է, որ Միացյալ Նահանգների առաջնահերթությունը հիմա պետք է լինի Ղարաբաղյան հարցում բեկում մտցնելը։ Դա կենթադրի տարածաշրջանային փոփոխություններ և կարող է հետագայում փոխել հայ-իրանական հարաբերությունների դիսկուրսը հենց ԱՄՆ-ի կողմից։ Միացյալ Նահանգներն այսօր չի կարող Հայաստանին նման հարցի առաջ կանգնեցնել, թե՝ Իրանի հետ սահմանը փակեք, հարաբերությունները վերանայեք կամ սահմանափակեք։ Թեև, իհարկե, ամեն կերպ փորձում են այդպիսի ճնշում գործադրել Նիկոլ Փաշինյանի վրա՝ մատնանշելով հեղափոխության գաղափարները, թե արտաքին քաղաքականությունը ևս պետք է հեղափոխության ենթարկվի։ Բայց Հայաստանն ունի իր պետական, ազգային շահերը, որոնք անկախ ռեժիմի բնույթից, անկախ այն հանգամանքից, թե Հայաստանում ինչ իշխանություն կլինի, կոնստանտ են, և դրանցից մեկը Իրանի հետ մշտական, բարիդրացիական հարաբերություններն են։

– Ձեր կարծիքով՝ Թրամփի վարչակազմում չե՞ն հասկանում, որ արտաքին քաղաքականության մեջ հեղափոխություն անելը, կտրուկ շրջադարձեր անելը չափազանց վտանգավոր է, որովհետև Հայաստանը չափից ավելի շատ է կախված Ռուսաստանից։

– Դրա համար էլ նրանք ավելի իրատեսական հարցեր են բարձրացնում, այդ ողջ փաթեթը միանգամից չեն ներկայացնում, այլ ասում են, թե «այսօր Ղարաբաղյան հարցում կա տեղաշարժի անհրաժեշտություն, և Հայաստանի նոր, լեգիտիմ իշխանությունը վերջապես ունի այդ հնարավորությունը»։ Նրանք սկսում են իրականանալի հարցից, որն, ըստ ամերիկյան կողմի, տարածքներ զիջելն է, ինչը, իրենց կարծիքով, պիտի բերի բեկման և շղթայական որոշակի ռեակցիա առաջացնի, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված են, հայ-թուրքական սահմանը բաց լինի, ապա Հայաստանը կարող է ավելի բազմավեկտոր քաղաքականություն վարել, այլևս միակողմանի կախվածություն չի ունենա Ռուսաստանից, շրջափակման խնդիր չի ունենա։

Եվ եթե հիմա արդարացումներ է նշում, թե Իրանի հետ հարաբերությունները օբյեկտիվորեն չի կարող վերանայել, այն ժամանակ արդեն Հայաստանի խուսանավման դաշտը նեղ կլինի, իսկ Միացյալ Նահանգների ազդելու հնարավորությունները՝ տեսականորեն ավելի մեծ։

– Բայց Դուք էլ նկատեցիք, որ խնդիրը Հայաստանը չէ, այսինքն՝ դա չե՞ն գիտակցում, որ Հայաստանի կողմից տարածքային զիջումները ոչ թե խաղաղության կհանգեցնեն, այլ նոր պատերազմի։

– Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների համար այնքան էլ կարևոր չէ, թե Ղարաբաղյան հիմնախնդիրն ինչպես կհանգուցալուծվի։ Եթե խոսենք երկարաժամկետ հեռանկարի մասին՝ կարևորը հակամարտության կարգավորումն է։ Իսկ մեզ համար ազատագրված տարածքները բուֆերային գոտու դեր են կատարում՝ Լեռնային Ղարաբաղին անվտանգության երաշխիքներ տալով:  Այսինքն՝ սա ստրատեգիական նշանակություն ունեցող տարածք է: Բայց պարզ է, որ վերոնշյալ կարգավորման սցենարները հեռահար ծրագրեր են, իսկ ներկայում ամերիկացիների փաստարկն այն է, թե «գրավյալ տարածքները» հանձնելով՝ հնարավոր է բեկում մտցնել Ադրբեջանի հետ հարաբերություններում, սահմաններ բացել և այլն, ինչը հնարավորություն կտա Միացյալ Նահանգներին առաջ մղելու իր արտաքին քաղաքականության կարճաժամկետ և միջնաժամկետ առաջնահերթությունները՝ մասնավորապես Իրանը շրջափակման մեջ առնելու, Իրանի նկատմամբ ավելի ուժեղ ճնշում գործադրելու առումով։ Եվ իրենք հենց այս համատեքստում են նայում Ղարաբաղյան հիմնախնդրին։ Իսկ թե ինչ կլինի հետագայում՝ այդ ծրագիրը կարող են հետո մշակել։

– Այո, Բոլթոնի հայտարարություններում այդ տողատակերն ակնհայտ էին։ Նրա ուղերձները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, սահմանների խնդրի վերաբերյալ հենց Իրանի մասին էին։ Այսինքն՝ եթե պատճառաբանում եք, որ չեք կարող խզել կամ սահմանափակել Իրանի հետ հարաբերությունները, որովհետ շրջափակման պայմաններում Իրանի հետ սահմանը կենսական նշանակություն ունի, ապա այդ դեպքում Հայաստանի ղեկավարը, ներքին խնդիրները լուծելուց հետո, կարող է «վճռական քայլեր» անել և լուծել խնդիրն Ադրբեջանի հետ, և այդ դեպքում կբացվեն թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական սահմանները, և Իրանի ու Վրաստանի հետ սահմաններն այլևս այդպիսի կարևորություն չեն ունենա: Իսկ թե կոնկրետ ինչ «վճռական քայլեր» են ամերիկացիներն ակնկալում հայկական կողմից Ղարաբաղյան հարցում՝ Բոլթոնի այցից մեկ շաբաթ առաջ պարզ ակնարկեց ԱՄՆ դեսպանը։

– Այո, այդ դեպքում մենք այլևս չենք կարողանա անկաշկանդ պնդել, որ գիտեք, մենք խորացնում ենք Իրանի հետ հարաբերությունները, քանի որ այլընտրանք չունենք։ Այն ժամանակ հայ-իրանական հարաբերությունների հարթությունում Հայաստանի վրա ազդելու հնարավորություններն ավելի շատ կլինեն, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքական դիսկուրսում Իրանի հետ սերտ հարաբերություններ ունենալու հարցը ի սկզբանե կապվել է Հայաստանի բարդ տարածաշրջանային իրավիճակի հետ։ Հիմա նրանք ասում են՝ «մենք փորձում ենք այդ իրավիճակը պարզեցնել, և դուք ինքներդ ունեք պարզեցման հնարավորություն, բայց այդ պարզեցումը պետք է բերի նաև որոշակի փոփոխությունների հայ-իրանական հարաբերություններում»։

– Տարածաշրջան կատարած այցի ժամանակ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նաև հայտարարեցթե Միացյալ Նահանգները դիտարկում է Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունները։ Ձեր կարծիքով՝ Թրամփի վարչակազմի իրական նպատակը միայն Ադրբեջանի՞ն զենք վաճառելն է՝ քաղաքական կամ ֆինանսական օգուտ ստանալու նպատակով, թե՞ նաև Հայաստանին։ Կկարողանա՞ն շրջանցել հայտնի 907-րդ բանաձևը (Section 907), որն արգելում էր ամերիկյան կառավարությանը «ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է անում վերացնելու (Հայաստանի) շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

– Ընդհանրապես Թրամփի կառավարման շրջանում տեսնում ենք, որ զգալի անջրպետ կա հռետորաբանության և քաղաքական վարքագծի միջև, և շատ հաճախ թրամփյան ոճով ինչ-որ պաթոսախեղդ կամ փոթորկահույզ հայտարարություններ են արվում, բայց Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի տիպի միահեծան կառավարում ունեցող երկիր չէ, որ մեկ հոգի ինչպես որոշի, այնպես էլ արվի։ Դա իշխանության ճյուղերի հստակ տարանջատման սկզբունքով առաջնորդվող երկիր է, և ինչ կասի Բոլթոնը, ինչ կասի Թրամփը՝ դեռ երաշխիք չէ, որ Միացյալ Նահանգները, որպես ամբողջական միավոր, որտեղ հստակորեն գործում է զսպումների և հակակշիռների մեխանիզմը, նման քայլ կանի։ Իհարկե, Բոլթոնի այդ պնդումով դարձյալ ուրվագծվում է Ղարաբաղյան հարցում բեկում մտցնելու վճռականությունը նույնիսկ այդ գնով, որ Միացյալ Նահանգները արդեն պատրաստ է նույնիսկ նման քայլի գնալ՝ զենք վաճառել…

– Բայց կարծում եք՝ դա բեկում կմտցնի՞ Ղարաբաղի հարցում, թե՞ պարզապես զենքի լոբբինգը Թրամփի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։

– Միացյալ Նահանգների համար, բնականաբար, շատ կարևոր է, որ տարբեր երկրներ ռազմական կախվածություն ունենան իրենից, բայց եկեք այսպիսի մի հիպոթետիկ սցենարի անդրադառնանք, որ միգուցե Միացյալ Նահանգները փորձի զենք վաճառել կողմերից մեկին կամ այնպես խախտի հավասարակշռությունը սպառազինությունների մրցավազքում, որը հնարավորություն կտա տվյալ կողմին միակողմանի գործողությունների գնալ և մյուս կողմից միակողմանի զիջումներ կորզել։ Դա այնպիսի բազմաշերտ հայտարարություն է, որ կրկին գործ ունենք աբստրակցիոնիզմի հետ. կարող ենք տարբեր դիտանկյուններից նայել հարցին։ Բայց հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ ի վերջո ե՞րբ է լինում պատերազմ, ե՞րբ է էական բեկում լինում հակամարտությունում. այն ժամանակ, երբ ուժերի հավասարակշռությունը խախտվում է։ Ուժերի հավասարակշռության խախտման առանցքը հենց սպառազինությունների մրցավազքում մի կողմի զգալի առավելությունն է մյուսի նկատմամբ։ Միացյալ Նահանգները փորձում է նաև դա հասկացնել։ Իհարկե, մի կողմից՝ միանշանակ համաձայն եմ՝ այս հարցը կարող ենք դիտարկել նաև թրամփյան ոճի արտաքին քաղաքականության համատեքստում, այսինքն՝ Միացյալ Նահանգներից տարբեր երկրների ռազմական կախվածության ստեղծում։ Մյուս կողմից՝ ինչո՞ւ ոչ, Միացյալ Նահանգների կողմից սպառազինությունների մրցավազքում փոփոխություն մտցնելու գնով հակամարտությունում տեղաշարժեր արձանագրելու ինչ-որ ակնարկ։

Загрузка...