Загрузка...

Ալիևը օգնության է գալիս ՀՀԿ-ին․ նրա ասած «բարենպաստ վիճակը» ՀՀԿ-ի, Շահնազարյանի քաղաքականությունն է

83
Загрузка...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական հայտարարությունն է արել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ՝ մի կողմից նշելով, թե Բաքուն շարունակելու է Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը, քանի դեռ չեն «ազատագրվել օկուպացված ադրբեջանական տարածքները», մյուս կողմից էլ կարծիք է հայտնել, թե «այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք հիմք են հանդիսանում նման հայտարարության համար»։ Ալիևն այս հայտարարությունը հնչեցրել է 2018 թվականին Ադրբեջանի մարզական ձեռքբերումներին նվիրված արարողության ժամանակ։

Ո՞րն է Ալիևի ուղերձը

Ի՞նչ է ակնարկում Ալիևը։ Ի՞նչ «բարենպաստ իրավիճակի» մասին է նա խոսում։ Ալիևի կարծիքով՝ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ակտիվացնելո՞ւ, թե՞ Լեռնային Ղարաբաղը ուժային ճանապարհով բռնազավթելու համար։ Վերջին երկու-երեք ամիսներին Հայաստանի նոր ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին և Ալիևին հաջողվեց ոչ պաշտոնական շփումների միջոցով նվազեցնել ընդհանուր լարվածությունը թե՛ հակամարտության գոտում, թե՛ քաղաքական մակարդակում և ինչ-որ երկխոսություն ձևավորել երկու կողմերի միջև։ Առաջին անգամ Փաշինյանն ու Ալիևը շփվեցին սեպտեմբերի 27-28-ին Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների նիստի շրջանակներում։ Վերադառնալով Երևան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իր և Ալիևի միջև կայացած առաջին քննարկման ընթացքում երկու կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երեք կետերի շուրջ։ Առաջինը՝ պայմանավորվել են քայլեր ձեռնարկել սահմանագծում լարվածությունն իջեցնելու ուղղությամբ, երկրորդը՝ արձանագրել են երկու կողմերի հավատարմությունը բանակցային գործընթացի և բանակցային մեթոդի նկատմամբ, և երրորդը՝ օպերատիվ ուղիղ կապ ստեղծել կողմերի միջև։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ շփվել են դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։ Խոսել են Արցախում և Ադրբեջանում գտնվող գերիներին ու ձերբակալված անձանց «բոլորը բոլորի հետ» սկզբունքով փոխանակելու ադրբեջանական կողմի առաջարկի և ընդհանուր բանակցային գործընթացի մասին։

http://www.alikonline.ir/media/k2/items/cache/0461cb25efebd339d2144b4d2e1729d7_L.jpg

Սովորական տակտիկա

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Ալիևի խոսքերը՝ ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծիք հայտնեց, թե Ադրբեջանի նախագահը նկատի ունի, որ Հայաստանում առաջին դեմքի՝ երկրի ղեկավարի փոփոխությունը թույլ է տալիս վերսկսել բանակցությունները «մաքուր թղթից», նոր էջից։

«Դա շատ սովորական բան է։ Առաջին դեմքի փոփոխությունը բանակցային կողմերից մեկում որոշակի գործոն է դառնում, որը երբեմն հեշտացնում է հետագա բանակցությունները։ Բայց տվյալ դեպքում, կարծում եմ, որ նման բան չի լինի, որովհետև առաջին դեմքից շատ քիչ բան է կախված, կողմերի դիրքորոշումները չափից ավելի հեռու են միմյանցից, որևէ տեղաշարժ չի նկատվում։ Բայց այն, որ Ալիևի հայտարարությունն այնքան էլ ագրեսիվ չէր, դա դրական փաստ է։ Ինչքան քիչ լինի ագրեսիվություն, այնքան լավ»,- մեկնաբանեց Սկակովը՝ ավելացնելով, որ ոչ մի սպասելիք չունի բանակցային գործընթացից։

«Առաջին դեմքի փոփոխությունը Հայաստանում կարող էր նպաստել երկխոսությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Սերժ Սարգսյանի և Ալիևի երկխոսությունը շատ երկար ժամանակ էր շարունակվում, և երկու ղեկավարներն ակնհայտորեն հոգնել էին միմյանցից։ Այժմ կողմերն ավելի հեշտ են երկխոսում, բայց իրականում նրանք կարող են քննարկել միայն ինչ-որ տեխնիկական հարցեր, օրինակ՝ Ապրիլյան պատերազմի հետևանքների վերացումը։ Իսկ ավելի լուրջ հարցերի մասին խոսելը բավական դժվար է, քանի որ կողմերի դիրքորոշումները շարունակում են մնալ փոխադարձաբար բացառող», – նշեց Սկակովը։

Իսկ բանակցային գործընթացի նկատմամբ լավատեսության հետ միասին Հայաստանի մեկուսացման մասին խոսելը՝ «ձեռքեր ոլորելը», Սկակովի խոսքերով, սովորական տակտիկա է, որը կիրառվում է ամենուրեք։

https://www.tert.am/news_images/871/2611351_1/untitled_12.thumb.png

Ալիևն օգնության է գալիս Հանրապետականին

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ալիևն իր հայտարարությամբ փորձում է բորբոքել Հայաստանի նոր իշխանությունների ու նախկին իշխող վարչակարգին մաս կազմած ուժերի հակամարտությունը, վեճը, նպաստել Հանրապետական կուսակցության սև քարոզչությանը Նիկոլ Փաշինյանի դեմ՝ կապված Արցախյան հարցի հետ։

«Ալիևի ասածը բորբոքում է ներհայկական հակամարտությունը։ Փաստորեն, Հանրապետականի ու Ալիևի դիրքորոշումների մեջ նույնականություն կա։ Նա փորձում է սրել ներհայկական հակասությունները, սրել այն, ինչ տեսաք ընտրությունների ժամանակ»։

Լևոն Շիրինյանը համոզված է, որ Ադրբեջանը որևէ ցանկություն կամ մտադրություն չունի փոխզիջումային համաձայնության գալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Հարցի լուծումն ադրբեջանցիները պատկերացնում են միայն մի ձևով՝ Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ։ Իսկ մեզ համար ղարաբաղյան հիմնահարցը, քաղաքագետի համոզմամբ, արդեն լուծված է։

«Արցախի հարցը լուծված է։ Ալիևները ինչ ուզում են՝ թող խոսեն։ Վստահ եմ, որ նրանք չեն կարողանա ներքին հակասությունը Հայաստանում լարել այնքան, ինչքան որ իրենց պետք է։ Ամեն դեպքում օգտվում են առիթից։ Ալիևի ասած «բարենպաստ իրավիճակը» Հանրապետականի, Դավիթ Շահնազարյանի քաղաքականությունն է, ներիշխանական գզվռտոց։ Փոխանակ ներողություն խնդրեն ժողովրդից, գողոնը վերադարձնեն պետությանը, ապացուցում են, որ իրենք կույս են։ Ի՞նչ է եղել, օգնության են գալիս Հանրապետականին, նրանց, ովքեր կատաղի քննադատության են ենթարկում Հայաստանի նոր իշխանություններին։ Հիմնախնդրի լուծման մասին խոսք չկա, մեր բանակը պիտի առաջ շարժվի։ Ալիևի կարծիքով՝ բարենպաստ իրավիճակ է Հայաստանում խառնակչություն ուժեղացնելու համար»,- նշեց Լևոն Շիրինյանը։

Մոսկվան իր խա՞ղն է խաղում Մինսկի խմբում

Իսկ ինչպե՞ս պիտի հասկանանք Լավրովի խոսքերը, թե Ռուսաստանը ցանկանում է շարունակել նպաստել ուղիղ երկխոսությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ստացվում է, որ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է բանակցությունների Մոսկվա-Երևան-Բաքու եռակողմ ձևաչափ ստեղծել կամ ավելի ճիշտ՝ ամրապնդել և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացն ամբողջովին իր վերահսկողության տա՞կ առնել։

Ալեքսանդր Սկակովն այդ կարծիքին չէ։ Փորձագետը կարծիք հայտնեց, որ Լավրովի այս հայտարարությունը համաձայնեցված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրների հետ։

«Փառք Աստծո, ես որևէ անհամաձայնություն չեմ տեսնում Մինսկի խմբի ներսում։ Կարծում եմ, որ բոլոր գործողություններն այս գործընթացում համաձայնեցվում են»,- մեկնաբանեց Սկակովը։

Իսկ Լևոն Շիրինյանը Լավրովի հայտարարության մեջ նորություն չի տեսնում ու չի կարծում, թե Ռուսաստանը կարող է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը դուրս բերել Մինսկի խմբի ձևաչափից։

«Ռուսաստանը Մինսկի խմբից դուրս չի կարող գործել։ Ուղղակի իր ակտիվությունն է ցույց տալիս»,- նշեց Շիրինյանը։

Загрузка...